Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքն ընտրելու մասին որոշումը կբողոքարկվի. News.am
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կբողոքարկվի։ Այս մասին NEWS.am-ին ասաց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նշենք, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։
Հիշեցնենք նաև, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։
Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։
Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։