«Օփենհայմեր»-ը «Բաֆթա» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է ամենամեծ թվով մրցանակների
Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի «Բաֆթա» մրցանակաբաշխության ժամանակ ամենամեծ թվով մրցանակները բաժին են հասել «Օփենհայմեր» ֆիլմին։
Ֆիլմի գլխավոր դերասան Քիլիան Մերֆին ճանաչվել է լավագույն դերասան՝ ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարած Ռոբերտ Օփենհայմերին մարմնավորելու համար։ Ռոբերտ Դաունի Կրտսերն արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակին։ Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի նկարահանած դրաման, ընդհանուր առմամբ, 7 մրցանակի է արժանացել, այդ թվում՝ ճանաչվելով լավագույն ֆիլմ։
«Խեղճ դժբախտներ» ֆիլմն արժանացել է 5 մրցանակի։ Ֆիլմի գլխավոր կերպարին մարմնավորած Էմմա Ստոունը ճանաչվել է լավագույն դերասանուհի։
Լավագույն բրիտանական ֆիլմ է ճանաչվել Ջոնաթան Գլեյզերի «Շահերի գոտի» ֆիլմը։ Հիմնականում գերմաներենով նկարահանված այս ֆիլմը ճանաչվել է նաև ոչ անգլիալեզու լավագույն ֆիլմ։