Վրաց-ամերիկյան Agile Spirit-2013 զորավարժությունները մտահոգություն են հարուցում. ՌԴ ԱԳՆ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 18-ին Վրաստանում մեկնարկած «Արագաշարժ ոգի 2013» (Agile Spirit-2013) զորավարժությունները մտահոգություն են հարուցում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Դրանք ամեն տարի անցկացվող միջոցառումներ են, որոնք մեր ամերիկացի գործընկերները բացատրում են «Աֆղանստանում տարվող օպերացիաներին նախապատրաստելով»: Դրանք իսկապես մտահոգություն են առաջացնում:
Ինչպես հայտնի է, 2008 թվականին Վրաստանը զինված հակամարտություն է սանձազերծել Կովկասում, իսկ այսօր կտրուկ հրաժարվում է հաշտվել քաղաքական նոր իրողության հետ: Կարծում ենք, որ Թբիլիսիին յուրաքանչյուր արտաքին ռազմական աջակցություն՝ անկախ դրա դրդապատճառներից, բարդեցնում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման հեռանկարները»:
Թբիլիսիի մոտ ընկած «Վազիանի» ռազմաբազայում ընթացող տվյալ զորավարժություններին մասնակցում է ԱՄՆ ծովային հետևակի 350 զինծառայող, ինչպես նաև Վրաստանի զինված ուժերի 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակը: Մարտի 18-ին մեկնարկած Agile Spirit-2013 զորավարժություններն ավարտվելու են ապրիլի 5-ին: