Բաժիններ՝

Նեթանյահուն դժգոհ է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է պաղեստինյան պետության ճանաչման հնարավորությունը. Axios

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհանգստացած է այն փաստով, որ Վաշինգտոնում քննարկում են պաղեստինյան պետության ճանաչման հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով Իսրայելի երկու պաշտոնյաների:

Նրանց խոսքով՝ անցյալ շաբաթ Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած հանդիպման ժամանակ Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ-ի կողմից պաղեստինյան պետության ուղղակի կամ անուղղակի ճանաչումը «կդառնա մրցանակ նրանց համար, ովքեր պլանավորել և իրականացրել են հոկտեմբերի 7-ի սպանդը»։

Ըստ Axios-ի աղբյուրների՝ Նեթանյահուն վրդովմունք է հայտնել այն բանի առնչությամբ, որ ԱՄՆ-ն նույնիսկ քննարկում է Պաղեստին պետության հնարավոր ճանաչման տարբերակը։

Իսրայելի իշխանության ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ Նեթանյահուն Բլինքենին ասել է, որ ԱՄՆ-ի նման քայլը կվնասեր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ խաղաղության գործընթացն առաջ տանելուն և տարածաշրջանում կարգավորման գործընթացին ուղղված ցանկացած փորձ։

Հրատարակությունը նշում է, որ Բայդենի վարչակազմում ոմանք կարծում են, որ պաղեստինյան պետության ճանաչումը կարող է դառնալ պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման բանակցությունների առաջին, այլ ոչ թե վերջին քայլը։

Երկու շաբաթ առաջ Axois-ը հաղորդել էր, որ Բլինքենը պետքարտուղարութան աշխատակիցներին խնդրել է մշակել և ներկայացնել ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից պաղեստինյան պետության ճանաչման քաղաքականության տարբերակներ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 28 500-ը, 68 000-ից ավելի մարդ վիրավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս