Իսրայելի հարձակման դեպքում մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան. Ալի Խամենեի
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Նովրուզի (Նոր տարի) կապակցությամբ երեկվա իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Իրանի թշնամիներին.
«Սիոնիստական գործիչներն Իրանին սպառնում են ռազմական հարձակմամբ: Եթե նրանք չգիտեն, թող իմանան, որ եթե մեծ սխալ թույլ տան և հարձակվեն, ապա Իրանը Թել Ավիվն ու Հայֆան կհավասարեցնի հողին:
Սիոնիստական կազմավորումը դեռ չի հասել այն մակարդակին, որ դառնա Իրանի ժողովրդի թշնամին: Եթե մենք խոսում ենք Իրանի թշնամիների մասին, ապա Իրանի ժողովուրդը հասկանում է, որ խոսքը գնում է ԱՄՆ-ի մասին: Սակայն կան այլ թշնամիներ ևս: Մենք հատուկ չենք ընդգծում նրանց: Այդպիսի թշնամիներից մեկն Իսրայելն է:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կատարում է ամերիկյան վարչակազմի կամքը և չունի սեփական դիրքորոշում: Այդ պատճառով էլ Մեծ Բրիտանիան չի կարող հանդիսանալ Իրանի առաջնահերթ թշնամի, ինչպես և մյուս երկրները, որոնք միայն գործիք են ԱՄՆ-ի ձեռքում:
Իրանի հանդեպ Ֆրանսիայի սխալ քաղաքականություը շարունակվում է Նիկոլա Սարկոզիի ժամանկներից, ինչն ապացուցում է, որ իմաստությունը բնորոշ չէ ֆրանսիացի քաղաքական գործիչներին: Իրանի թշնամիները չեն կարողացել խաթարել նրա կայունությունը և այժմ խոստովանում են, որ առանց Իրանի անհնար է լուծել տարածաշրջանի գեթ մեկ խնդիր»: