Թուրքիան «գազային զգուշացում» է արել Կիպրոսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները կվիճարկեն Կիպրոսի գործողությունները, եթե նրանք հետազոտական աշխատանքներ իրականացնեն իրենց տարածքային ջրերում ընկած գազահանքերում՝ երկրի տնտեսությունը փրկելու համար:

Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությունում եղած աղբյուրը. «Այդ ռեսուրսը պատկանում է երկու համայնքին (կիպրական ու թուրքական), և դրանց հետագա շահագործումը չի կարող կախված լինել բացառապես Հարավային Կիպրոսի կամքից: Մենք կարող ենք միջոցներ ձեռնարկել այդպիսի նախաձեռնությունների դեմ, եթե դրա անհրաժեշտության կարիքը լինի:

Անընդունելի է այդ հանքավայրերի օգտագործումը միայն Հարավային Կիպրոսի կողմից: Մենք խոսում ենք բոլոր գործիքների մասին: Մենք կարող ենք ոչ միայն տվյալ հարցը բարձրացնել ԵՄ-ում, այլև օգտագործել քաղաքական ու իրավական այլ խողովակներ ևս»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ցանկանում է հետախուզական աշխատանքներ սկսել Կիպրոսի հանքավայրերում: Ավելին, անգամ նշվում էր, որ բանկային ճգնաժամի մեջ գտնվող Կիպրոսին օգնելու դիմաց Ռուսաստանը ցանկանում է ռազմաբազա կառուցել կղզում:

Տեսանյութեր

Լրահոս