Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրել է ԵՄ դիտորդական առաքելությանը
Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ հանդիպման ընթացքում կրկին նշվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություններ առաջացնում․
«Հեռադիտակային դիվանագիտության» այս ակտիվությունը նկատվում է այն ժամանակ, երբ սահմանին տիրում է աննախադեպ անդորր, երբ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը լուրջ քայլեր են ձեռնարկում վստահության ամրապնդման ուղղությամբ։ Նշված առաքելությունը լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոց՝ հակառակ տարածաշրջանային կայունության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելու հայտարարված նպատակներին», – նշվում է հայտարարության մեջ։
«ԵՄ-ին լուրջ կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Հայաստանի տարածքում տեղակայված առաքելության մանդատի համաձայն չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն իրականացնելու համար և զերծ մնալ ինքնիշխանության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործունեությունից կամ որևէ կերպ ազդել երկրի անվտանգության շահերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։