Ապահովագրական ընկերությունների շահույթը կազմել է շուրջ 1 միլիոն դոլար
31.12.2012 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցել 9 ապահովագրական ընկերություն: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ. չորրորդ եռամսյակի բանբերում։
Ապահովագրական ընկերությունների ակտիվները եռամսյակի ընթացքում նվազել են 1.1%-ով (տարեսկզբի համեմատ ավելացել են 22.0%-ով)` 31.12.2012 թ. դրությամբ կազմելով 38.4 մլրդ դրամ, պարտավորությունները նվազել են 2.2%-ով (տարեսկզբի համեմատ ավելացել են 40.9%-ով)` կազմելով 24.7 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալը աճել է 1.0%-ով (տարեսկզբի համեմատ նվազել է 1.7%-ով)` կազմելով 13.7 մլրդ դրամ:
Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում (36.0%), ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները (13.5%), արժեթղթերում ներդրումները (10.2%) և հիմնական միջոցները (7.4%):
Ապահովագրական ընկերությունների պարտավորությունների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել չվաստակած ապահովագրավճարների պահուստը (44.0%), պահանջների պահուստները (16.3%) և ապահովագրության գծով ստացված կանխավճարները (7.6%) 2012 թվականի ընթացքում ապահովագրական ընկերությունների` վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը կազմել է 411.4 մլն դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների՝ 1.2%, շահութաբերությունն ըստ կապիտալի` 3.0%: Շահույթով է աշխատել 3 ընկերություն:
ՖՀՄՍ համաձայն` ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2012 թվականին կազմել է 961.2 մլն դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների՝ 2.8%, շահութաբերությունն ըստ կապիտալի` 6.5%:
Հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 35.5 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարները` 3.2 մլրդ դրամ կամ ապահովագրավճարների 8.9%-ը:
Դիտարկվող ժամանակաշրջանում հաշվեգրված ապահովագրական հատուցումների մեծությունը կազմել է 14.5 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողներից ստացվող ապահովագրական հատուցումների գումարները` 784.3 մլն դրամ կամ ապահովագրական հատուցումների 5.4%-ը:
31.12.2012 թ. դրությամբ ապահովագրական ընկերություններն ունեցել են ապահովագրության 439.0 հազար գործող պայմանագիր, որոնց ապահովագրական գումարների մեծությունը կազմել է 6.3 տրլն դրամ: Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը կազմել է 1.9 տրլն դրամ կամ ապահովագրական գումարների 30.0%-ը: