ՌԴ-ն խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայի հարցով
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Ուկրաինային նվիրված նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ Մինսկի համաձայնագրերի ստորագրման օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին իր Telegram ալիքում։
«Փետրվարի 12-ի առավոտյան՝ Մինսկի միջոցառումների փաթեթի ընդունման օրը, մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ մեր գործընկերներին հիշեցնելու, թե ուկրաինական ներքին ճգնաժամի խաղաղ լուծման պատմական ինչ հնարավորություն է բաց թողնվել Կիևի վարչակարգի ու նրա հովանավորների կողմից», – գրել է Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ անդրադարձ կլինի նաև այն հարցին, թե «ինչպես արևմտյան անդամների գործողությունների պատճառով ԱԽ-ի Խորհուրդը ձախողեց իր կարևորագույն խնդիրներից մեկի իրագործումը՝ ճգնաժամերի ու հակամարտությունների կանխումը»:
Հանդիպումը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով 10:00-ին: