Իսրայելը Ռաֆահում ազատել է 2 պատանդի ավիահարվածների քողի ներքո, որոնք 37 մարդու կյանք են խլել
Իսրայելը հատուկ գործողություն է իրականացրել ավիահարվածների ուղեկցությամբ, որի արդյունքում ազատ է արձակել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում պահվող երկու պատանդի։ Ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների՝ այդ գործողության հետևանքով 37 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ ազատ արձակված երկու պատանդներն են 60-ամյա Ֆեռնանդո Սայմոն Մարմանը և 70-ամյա Լուիս Հեյրը։ Նրանք պատանդ էին տարվել հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժման ժամանակ, երբ գերեվարվել էր շուրջ 250 մարդ, զոհվել՝ 1200 մարդ։
Իսրայելի հատուկ ծառայություններն օգտագործել են պայթուցիկներ, որպեսզի մտնեն այն շենքը, որտեղ պահվում էին երկու պատանդ տղամարդիկ։ Միևնույն ժամանակ իրականացվել են ավիահարվածներ, որպեսզի հատուկ ուժերը կարողանան դուրս գալ։ Ըստ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի բնակիչների՝ հարվածներին մասնակցել են իսրայելական ինքնաթիռներ, տանկեր և նավեր, հարվածներ են հասցվել երկու մզկիթի և մի քանի տների։
Նախքան հարվածներ հասցնելն Իսրայելի բանակը քաղաքացիական անձանց պատվիրել էր հեռանալ, սակայն տարհանման պլան չէր ներկայացրել։
Փետրվարի 11-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել էր, որ Իսրայելը չպետք է ռազմական գործողություն իրականացնի Ռաֆայում՝ առանց այնտեղ ապաստան գտած 1 միլիոն մարդկանց անվտանգությունն ապահովելու։
ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Գազայի հատվածում Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 28 000-ը։
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը փետրվարի 11-ին հայտարարել էր, որ Ռաֆահում Իսրայելի ցամաքային գործողությունը վնաս կհասցնի պատանդների վերադարձի շուրջ բանակցություններին։ Եգիպտոսն իր հերթին նախազգուշացրել էր իր սահմանի մոտ գտնվող Ռաֆահում իսրայելական հնարավոր հարվածների «ծանր հետևանքների» մասին։