Բաժիններ՝

Գյումրիի ստորագրահավաքն ուղեկցվում է ուժայինների հետ վիճաբանություններով ու խոչընդոտներով

GALA-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրու Թատերական հրապարակում սկսված ստորագրահավաքը, որով գյումրեցիները իրենց ցանկությունն ու կամքն են արտահայտում միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Ազատության հրապարակում պայքարող քաղաքացիներին, ուղեկցվում է ուժայինների հետ վիճաբանություններով ու խոչընդոտներով: Բանն այն է, որ ստորագրահավաքի կազմակերպիչներն արգելում են սեղան տեղադրել Գյումրու Թատերական հրապարակում՝պատճառաբանելով, որ օրենք են խախտում:

«Ասում են՝ հանեք սեղանիկը, տարեք ստեղից, կարդոններ վերցրեք ձեռքներդ, եւ դրանց վրա թող մոտենան ու ստորագրեն, բայց այսպես ուղղակի հնարավոր չէ: Իրանք ասում են՝ իրավունք չունեք սեղան դնելու, բայց չեն ասում՝ դա որտե՞ղ է գրված, որ նման իրավունք չկա: Ո՛չ օրենք են ասում, ո՛չ կետ, մենք էլ օրենք չենք խախտում, ուղղակի ստորագրահավաք ենք անում խաղաղ պայմաններում: Ոչ մի անկարգություն, անշնորհքություն, անգամ բարձր ձայնով ոչ ոք չի խոսում»,-պատմեց մեզ Ժառանգության Գյումրու գրասենյակից Արկադի Խաչատրյանը:

«Ժողովրդի ցանկությունը սա է: Եթե էսօրվա դրությամբ կառավարությունում օլիգարխները մեզ ճնշում են, անգամ երեխաների ձեռքից հաց են գողանում ու ուտում, ուրեմն ստեղ իշխանություն չկա, եւ մենք այս ձեւով հրաժարվում ենք իրենցից: Մեր նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,-ասաց Գյումրի քաղաքի բնակիչ   Կառլեն Իգիթյանը, ով եկել էր իր ստորագրությունը դնելու եւ ոստիկանների գործողություններից հետո բորբոքվել էր ու սկսել վիճաբանել նրանց հետ:

ԳԱԼԱ-ին, սակայն ոստիկանության աշխատակիցները ասացին, որ իրենք իրավունք չունեն եւ չեն էլ հրահանգել սեղանիկ հանել, քանի որ նման կետ գոյություն չունի, որ արգելեն հրապարակում սեղան տեղադրել:

st-9

st

«Չենք ասել՝մենք ոչ մեկին նման բան չենք ասել. Ո՞վ է ասել սեղանիկ հանեն, թող ինչքան ուզում են թողնեն: Մենք ստեղ ենք, որպեսզի կարգ պաշտպանենք»,- ասացին  ոստիկաններն ու հեռացան:

Իսկ ավելի ուշ Գյումրու Թատերական հրապարակ ժամանեց ոստիկանների մի նոր խումբ՝ մգեցրած ապակիներով մեքենաներով:

Galatv.am-ը փորձեց նրանցից տեղեկանալ, թե ինչու են խմբով եկել Թատերական հրապարակ եւ ինչու մեքենաներից չեն իջնում: Սակայն մեզ նրանց հետ զրուցել պարզապես չհաջողվեց, քանի որ ոստիկանները մեքենաների դռները փակել էին ներսից:

ԳԱԼԱ-ի նկարահանող խմբի` Թատերական հրապարակից հեռանալուց հետո,  ոստիկանական խումբը անցել էր գործողությունների: Նրանք նախ մոտեցել ու բարձր ձայներով զրուցել էին ստորագրահավաքի կազմակերպիչների հետ:

«Ասում են՝ընչի՞ եք ԳԱԼԱ զանգել, մենք էլ գիտեք վախեցանք, դե հիմա հավաքվեք: Ասում էին, թե ինչ օրենք՝ տղավարի ենք ասում՝ հավաքեք սեղանիկը»:

st-4

Իսկ ոստիկանների այս գործողությունները նկարահանող երիտասարդի ձեռքից իրավապահները տարել էին նաեւ նրա  հեռախոսը:

Այս ամենից հետո ստիպված եղանք երկրորդ անգամ գնալ Գյումրու Թատերական հրապարակ: Ուր երիտասարդը պատմեց, որ ոստիկանը  նրա ձեռքից ուղղակի թռցրել է հեռախոսը: «Հեռախոսս առավ ու գնաց, ես նկարում էի, հիմա չի տալիս»,-պատմեց նա:

Ուստի մենք ստիպված եղանք դիմել ՇՄ ոստիկանապետին ու տեղեկացնել, որ տեղի է ունեցել բջջային հեռախոսի առեւանգում ոստիկանական համազգեստով մարդու կողմից:

Որից հետո երիտասարդի հեռախոսը վերադարձրեցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս