Զարուհի Փոստանջյանին Երևանի ավագանու մանդատից զրկելու որոշման նախագիծը չընդունվեց

Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում քննարկվել է Երևան քաղաքի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը։

Օրակարգային հարցի վերաբերյալ զեկուցում է ներկայացրել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նա նշել է, որ ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նստաշրջանի ընթացքում բացակայել է բոլոր 42 քվեարկություններից՝ ներկա չգտնվելով ոչ հանձնաժողովի, ոչ ավագանու նիստերին։

Արտահերթ նիստում ներկա ավագանու անդամներից 32-ը կողմ, իսկ 2-ը դեմ են քվեարկել Փոստանջյանին ավագանու մանդատից զրկելու որոշման նախագծին, որի արդյունքում այն չի ընդունվել, քանի որ չի արժանացել նիստի մասնակիցների մեծամասնության հավանությանը։

Մինչ այս՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու անդամների քվեարկությամբ վաղաժամկետ դադարեցվել են Հայկ Մարությանի, Սոնա Աղեկյանի լիազորությունները, իսկ Գևորգ Ստեփանյանին ավագանու մանդատից զրկելու նախագիծը չի ընդունվել։

Ավագանու անդամների լիազորությունների դադարեցման համար բոլոր դեպքերում հիմք են ընդունվել Երևան քաղաքի ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի Երևանի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։

Տեսանյութեր

Լրահոս