ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալը 2006 թ. Նյու Յորքում պատահաբար կրակել է Ահմադինեժադի ուղղությամբ

Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալը պատահաբար կրակել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա: Դա տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերին, Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ:

Թերթի տվյալներով՝ երբ ամերիկացի գործակալը փորձել է տեղավորել հարթ փողով զենքը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի ավտոշարասյան մեջ գտնվող ավտոմեքենայում դրա համար նախատեսված տեղում, այն պատահաբար կրակել է:

Գնդակը սուրացել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ուղղությամբ, ով տվյալ պահին մեքենա նստելիս է եղել: Միջադեպի մանրամասները նկարագրված են Մարկ Էմբինդերի ու Դ. Բ. Գրեյդիի Deep State: Inside the Government Secrecy Industry (Խորքային պետություն. Կառավարության գաղտնի ինդուստրիայի ներսում) գրքում, որը վաճառքի կհանվի ապրիլին:

Տեղի ունեցածի մասին անմիջապես հիշատակվել է ծառայողական գրությունում, որն ուղարկվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների: Գրքի հեղինակներն ակնհայտ են համարում, որ գաղտնի ծառայության գործակալը պատահաբար է կրակել իր զենքից, երբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը InterContinental հյուրանոցի մոտ ավտոմեքենա նստելիս է եղել:

ԱՄՆ նախագահի աշխատակազմը մտահոգվել է Իրանի նախագահի հնարավոր արձագանքից և վախեցել է, որ նա ՄԱԿ ԳԱ-ում, ուր քննարկվելիս է եղել Իրանի միջուկային ծրագրի պատճառով այդ երկրի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, կհայտարարի, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները փորձել են սպանել իրեն: Սակայն, ի զարմանս ԱՄՆ-ի, Ահմադինեժադը ոչ մի անգամ չի հիշատակել այդ միջադեպի մասին:

Տեսանյութեր

Լրահոս