Աշոտյան. Նախագահական ընտրություների «նեյավկայից» հետո Երևանի ավագանու ընտրությունները ԲՀԿ-ի համար վերջին «լիկվիդն» է
«Որոշ քաղաքական ուժերի համար Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը ուսանողական բառապաշարով ասած՝ նախագահական ընտրություների «նեյավկայից» հետո վերջին «լիկվիդի» հնարավորությունն է»: panorama.am-ի փոխանցմամբ՝ այսօր ՀՀ կառավարության նիստից հետո նման կարծիք է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն որքանո՞վ է մրցակից ՀՀԿ-ին:
Ա.Աշոտյանի խոսքով՝ թերթերում շրջանառվում են լուրեր ընտրակաշառքի աճող ծավալների մասին: «Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների հիման վրա հարուցված գործերի արդյունքում մարդիկ են պատժվելու, իսկ քանի որ ՀՀ նախագահի մոտեցումն այն է, որ ավագանու ընտրությունները պետք է լինեն ավելի լավը, քան նախագահական ընտրությունները, ակնհայտ է, որ կպատժվեն բոլոր ընտրախախտները»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի թեկնածությանը, ապա Ա. Աշոտյանն ասել է, որ Օսկանյանը դեռ մեղադրվում է գումարների լվացման գործում: «Չեմ ուզում մեկնաբանել գործի ընթացքը, ուզում եմ որպես երևանցի հասկանալ՝ որքանով այս ընտրությունները կարող են պետք գալ Երևանի փողոցները մաքուր պահելու գործում»,- նշել է Աշոտյանը: