Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնել են Օդեսայից Վորոնեժ տարվող պայթուցիկներով բեռ կալանելու մասին
Վրաստանում կալանել են պայթուցիկ նյութերով բեռ, որն ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ տարվում էր Օդեսայից Վորոնեժ՝ ահաբեկչությունների իրականացման համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հատուկ ծառայությունը չի բացառում, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ երկրի տարածքով Ռուսաստանի Դաշնություն պայթուցիկ նյութեր տեղափոխելու գործում ներգրավված են եղել Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ․ գործընթացը կազմակերպել է Ուկրաինան։ Հետախուզական ծառայությունը պարզաբանել է, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման հետևում կանգնած է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կուսակցության պատգամավոր Անդրեյ Շարաշիձեն։
Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են երկրի Պետական անվտանգության ծառայությունից։
Ըստ գերատեսչության՝ Վրաստանում կալանված պայթուցիկները պարունակում են մեկ պայթուցիչ և վեց հատուկ բանալի, նյութի ընդհանուր քաշը կազմում է 14 կգ։