Չինաստանում մահապատժի է դատապարտվել ավստրալիացի գրող Յան Հենցզյունը
Ավստրալիացի գրող և գործարար Յան Հենցզյունը, որը 2019 թվականից Չինաստանում կալանավորված էր լրտեսության մեղադրանքով, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել մահապատժի։ Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։
Դատավճիռը պետք է իրականացվի երկու տարի անց։ Ըստ Ավստրալիայի արտգործնախարարության հայտարարության՝ եթե գրողն այս ընթացքում հանցանքներ չգործի, ապա նրա մահվան դատավճիռը կարող է փոխվել ցմահ ազատազրկմամբ։
«Ավստրալիայի կառավարությունը մեր պատասխանը կտա՝ խստագույն ձևով», – հավելել է գերատեսչությունը։
Յան Հենցզյունի կալանավորումը Ավստրալիայի և Չինաստանի միջև հարաբերությունների սրման պատճառներից մեկն է դարձել, իսկ այս դատավճիռն, ըստ The New York Times-ի, կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը 2023 թ․ այցելել էր Պեկին և պնդել, որ Յան Հենցզյունն ազատ արձակվի։
58-ամյա Յան Հենցզյունը ծնվել է Չինաստանում, և Ավստրալիայի քաղաքացի դարձել 2000 թվականին՝ այնտեղ պաշտպանելով ատենախոսություն Չինաստանում համացանցի և ժողովրդավարացման թեմայով։ Ժամանակին նա քննադատում էր Չինաստանում մարդու իրավունքների խախտումները, սակայն իր կալանավորումից մի քանի տարի առաջ, ըստ հրապարակման, ավելի զգուշավոր էր իր հանրային մեկնաբանություններում։