Բաժիններ՝

ԱՄՆ սենատը համաձայնեցրել է լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը՝ Ուկրաինային և Իսրայելին օգնության փաթեթներով

Ամերիկացի սենատորները համաձայնեցրել են 118 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ ֆինանսավորման` երկար սպասված երկկուսակցական օրինագիծը, որում ներառված են Ուկրաինային, Իսրայելին օգնության և ԱՄՆ հարավային սահմանների ամրապնդմանն ուղղված միջոցների հատկացումը: Այդ մասին տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել օրինագծին և Կոնգրեսին խնդրել չձգձգել դրա ընդունումը։ Նախնական քվեարկությունն սպասվում է շաբաթվա կեսերին, բայց ըստ կանխատեսումների՝ օրինագիծը լուրջ դիմադրության կհանդիպի Ներկայացուցիչների պալատում, որտեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին​: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն արդեն ասել է, որ խոստանում է արգելափակել այն:

Սենատորները լրացուցիչ ֆինանսավորման օրինագծի շուրջ չէին կարողանում համաձայնության գալ 2023 թ․ աշնանից: Հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունները կապված էին Մեքսիկայի հետ սահմանի ամրապնդման միջոցների և միգրացիոն քաղաքականության խստացման հետ։ Հանրապետականները պահանջում էին խստացնել Մեքսիկայի հետ սահմանի հսկողությունը՝ դա դարձնելով նախապայման Ուկրաինային ցանկացած լրացուցիչ օգնության քննարկման համար։

Լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 118 մլրդ դոլար։ Դրանից 60,06 միլիարդ դոլարը սենատորներն առաջարկում են ուղղել Ուկրաինային օգնությանը, 14,1 միլիարդը՝ Իսրայելին օգնությանը, 20,23 միլիարդը՝ Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության ապահովմանը, 4,83 միլիարդը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին օժանդակությանը, 2,44 միլիարդը՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը և 2,44 միլիարդը՝ Կարմիր ծովում գործողությունների օժանդակմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս