Մարմնավաճառները վերադառնում են Փարիզի կենտրոն
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարմնավաճառները կարող են վերադառնալ Փարիզի կենտրոն: Ֆրանսիական սեքս ինդուստրիայի աշխատակիցների արհմիությունը կարողացել է հասնել մարմնավաճառության դեմ պայքարի մասին օրենքի չեղյալ հայտարարմանը, որն ընդունվել է դեռևս Ժակ Շիրակի նախագահության ժամանակ:
Այդ որոշումն ու տվյալ հարցում զիջման գնալու մասին սոցիալիստական կուսակցության կողմից պատրաստակամություն հայտնելը առաջացրել են բազմաթիվ ֆրանսիացիների զարմանքը, քանի որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական ելույթներում քանիցս շեշտել էր, որ իրենք պլանավորել են ամբողջությամբ արմատախիլ անել մարմնավաճառությունը:
2003 թվականին Ֆրանսիայում ընդունված մարմնավաճառության դեմ պայքարի մասին օրենքով նախատեսվում էր, որ ոստիկանը կարող է ձերբակալել աչք զարնող հագուստով մարմնավաճառներին, որոնք կանգնած կլինեն խաչմերուկներում և կփորձեն գայթակղել հաճախորդներին:
Այդ օրենքը պատճառ էր հանդիսացել նրա, որ բազմաթիվ մարմնավաճառներ ստիպված էին եղել էլիտար շրջաններից տեղափոխվել առավել քիչ պաշտպանվող ծայրամասեր: Նշվում է, որ վերջին տարիներին Փարիզում աճել է մարմնավաճառների վրա հարձակումների քանակը, ինչպես նաև կտրուկ աճել են «գիշերային թիթեռնիկների» մատուցած ծառայությունների գները:
Ֆրանսիայի կանանց հարցերով նախարար Նաջաթ Վալլո-Բելկասեմը հայտարարել է, որ նոր օրենքը որոշակիորեն կհեշտացնի մարմնավաճառների կյանքը: Նա ընդգծել է, որ հին օրենքի չեղյալ հայտարարումը չի նշանակում, թե սոցիալիստները փոխել են մարմնավաճառության հարցում իրենց դիրքորոշումը:
Նախարարը նկատել է, որ իրենք որոշել են տվյալ խնդրին մոտենալ այլ կողմից. այժմ պատժվելու են այն ֆրանսիացիները, որոնք կորոշեն ժամանակ անցկացնել թեթև վարքի տեր կանանց հետ: Իրավապահները ձերբակալելու են մարմնավաճառների ծառայություններից օգտվել փորձող քաղաքացիներին: Դրանից հետո օրինախախտը պետք է վճարի 1000 եվրո տուգանք, կամ էլ պետք է վեց ամիս անցկացնի վանդակաճաղերից այն կողմ: