Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որոշում կայացնի

Ես որպես քաղաքացի, լրագրող, հավասարապես հիմքեր և իրավունք ունեմ և հավատալու, և չհավատալու  թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՛ Սերժ Սարգսյանին: Անդրադառնալով Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման և երկխոսության բովանդակության մանրամասների  և կողմերի ներկայացրած մանրամասների արժանահավատության մասին հարցին,  այսօր «Մամուլի ազգային ակումբում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

«Հանդիպումը և երկխոսությունը տեղի է ունեցել երկու անձերի միջև, մենք չենք եղել այդ հանդիպմանը: Քաղաքական պրոցեսները տեղափոխվել են երկու անձի միջև երկխոսության, ինչին մասնակից որևէ մեկս չենք եղել: Եվ հիմա քննարկվում է, թե որ կողմի ներկայացրածն է ավելի արժանահավատ: Այս թնջուկը կարող է հանգուցալուծվել տեսաձայնագրության (եթե այն կա) միջոցով միայն: Եթե ներկայացվի՝ կհասկանաք՝ ի՞նչ է քննարկվել: Մեկն ասում է այսպես եմ ասել, մյուսն ասում է, թե սուտ է ասում: Ճանաչելով երկու քաղաքական գործիչներին էլ՝ կարող ենք ինքներս մեզ համար եզրակացություններ անել: Կարծում եմ, որև Սերժ Սարգսյանի  ներկայացրածը ավելի կոնկրետ էր, ավելի պրագմատիկ, քան Րաֆֆի Հովհաննիսյանի հերքումները, որոնք ավելի շատ զգայական ոլորտից էին»,- նշեց նա:

Ասուլիսն ներկա «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այս առնչությամբ շեշտեց, որ ճշմարտությունը գտնելու համար պետք  է միմյանց խառնել երկու կողմերի ներկայացրած մանրամասները  ու բաժանել ուղիղ երկուսի. կիսով չափ մեկին հավատալ, կիսով չափ մյուսին, քանի որ երկուսն էլ իրենց սուբյեկտիվ, իրենց ձեռնտու, իրենց շահերից ելնելով են ներկայացրել իրավիճակը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ասուլիսն, որին ներկա էր նաև Արամ Աբրահամյանը, ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ եք կարծում Ս. Սարգսյանը ամբողջությամբ ծանոթ է երկրի իրավիճակին, թե՞ ոչ, Ա. Աբրահամյանը վստահեցրեց. «Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը իրական պատկերացում ունի, թե ինչ է կատարվում երկրում: Ուրիշ բան, թե ինպե՞ս է ինքը մեկնաբանում իր ունեցած ինֆորմացիան, ինչպե՞ս է իր մեջ վերլուծում ու ինչպե՞ս է այն մատուցում»: Սերժ Սարգսյանի՝ 2,5 ժամ ասուլիսն ամփոփելով,  Արամ Աբրահմյանն ասաց. «Սերժ Սարգսյանը տարբեր ձևակերպումներով, որոնք կարող են դուր գալ, դուր չգալ, կարող ենք դրա հետ համաձայնել կամ չհաձայնել, հանդես է եկել իշխանության քաղաքական օրակարգի ձևակերպումներով: Դա լա՞վ է, թե՞ վատ` չգիտեմ: Իսկ ապրիլի 9-նն արդեն ուրվագծված է. Սերժ Սարգսյանը կգնա մարզահամերգային համալիր և կերդվի Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ ժամանակ երևի կունենա Աստվածաշնչի ու Սահմանադրության մեկ այլ օրինակ, որի վրա գուցե և կերդվի»:

Կարդացեք նաև

Երկու բանախոսների համոզմամբ՝ իրավիճակից ելքը բանակցություններն են, երխոսությունը:

Ս. Սեյրանյանի համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որոշում կայացնի, թե ինչպես  հանգուցալուծել իրավիճակը: «Անկախ այն հանգամանքից, թե այլ քաղաքական ուժերը, գործիչները, թիմի որոշ անդամներ ինչպե՞ս կմեկնաբանեն իր քայլերը՝ ինքը պետք է որպես ընդդիմության առաջնորդ որոշում կայացնի: Եթե որպես առաջնորդ վստահ ես քո քայլերի ճշմարտացիության, արդարացիության մեջ և գիտակցում ես ողջ պատասխանատվությունը,  անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի մեկնաբանություններ կտրվեն իր այս կամ այն քայլին՝ ինքը պետք է որոշում կայացնի: Ուրիշ ոչ ոք»,-ասաց Ս. Սեյրանյանը:

Տեսանյութեր

Լրահոս