Հրանտ Դինքին սպանելուց հետո Օգյուն Սամասթը պետք է հեռանար Ադրբեջան
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով գաղտնի վկան, ով հանդես է գալիս «Բարըշ» ծածկանունով, դատախազ Մուամմեր Աքքաշին տված հարցազրույցի ժամանակ ուշագրավ տեղեկություններ է հայտնել:
Վկայի խոսքերով՝ Դինքին սպանած Օգյուն Սամասթը կապեր է ունեցել Տրապիզոնի ու Ստամբուլի նահանգների Ժանդարմերիայի հրամանատարությունների մի շարք ներկայացուցիչների հետ:
«Բարըշը» հավելել է, որ Ժանդարմերիայի JITEM հետախուզական ստորաբաժանումը 2003 թվականից սկսած շարունակ հետևել է Հրանտ Դինքի գործունեությանն ու տեղաշարժերին. «2003 կամ 2004 թվականներին Հրանտ Դինքը Մալաթիայի Արգուվան շրջանում պետք է մասնակցեր շրջանային փառատոնի ու կոնֆերանսների: Դինքը հայտնվել էր JITEM-ի կողմից սպանվելիք անձանց ցուցակում:
Օգյուն Սամասթի կողմից Տրապիզոնից Ստամբուլ ժամանելուց մեկ օր առաջ Ստամբուլում է հայտնվում Տրապիզոնի նահանգի Ժանդարմերիայի հրամանատարության JITEM-ական մի ենթասպա, ով զբաղվում է Սամասթի համար թաքստոց փնտրելով, ինչպես նաև զննում է «Ակօսի» խմբագրատան տարածքը: Ենթասպան սպանության օրն անձամբ խմբագրատան մոտակայքից հետևել է սպանության ընթացքին:
Ստամբուլ ժամանելուց հետո Սամասթին դիմավորում է Ստամբուլի նահանգի Ժանդարմերիայի հրամանատարության JITEM-ական մի ենթասպա: Վերջինս Սամասթի համար գնել է Ստամբուլից դեպի Արտվինի նահանգի Հոպա քաղաք ավտոբուսի տոմս՝ սպանությունից հետո Օգյուն Սամասթի փախուստն Ադրբեջան ապահովելու համար:
Օգյուն Սամասթի մոտ սեփական բջջային հեռախոսի SIM քարտից բացի, եղել են ևս երկու SIM քարտեր, որոնք ավելի ուշ անհետացել են: Փոխվել է սպանության զենքը: Ձերբակալման ժամանակ Սամասթի մոտ հայտնաբերված զենքը չի եղել նույն զենքը, որով իրականացվել է Դինքի սպանությունը:
Դինքի սպանության մեջ, բացի «Էրգենեքոնի» գործով ձերբակալված պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքից և Տապիզոնի նահանգի Ժանդարմերիայի նախկին հրամանատար, պաշտոնաթող գնդապետ Ալի Օզից, իր դերակատարությունն է ունեցել նաև Գիրեսունի ժանդարմերիայի շրջանային հրամանատարության ղեկավար, գեներալ Դուրսուն Ալի Քարդումանը:
Ալի Օզի հետ հաճախակի տեսակցում էր Վելի Քյուչուքը: Դրանք առանձնահատուկ հանդիպումներ էին: Նրանք հանդիպում էին միայնակ: Օզը սպանությունից հետո հարցաքննվող JITEM-ականներին խորհուրդ էր տվել «Բերանները փակ պահել»՝ խոստանալով, որ դատավարությունը շուտով կտրվի մոռացության»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը Օգյուն Սամասթի կողմից սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում:
2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի՝ անչափահասների ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման:
2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Յասին Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Էրհան Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց Տրապիզոնում McDonald’s-ի ռեստորանի պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման: