Եզդիներն այսօր նշում են 6763 թվականը
«Այս տարի եզդիների մոտ 6763 թվականն է»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար» հասարակակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին: Արևապաշտ այս ժողովուրդի մոտ նոր տարին սկսվում է գարնանը՝ կենդանացող բնության հետ մեկտեղ: «Տոնի՝ գարնանը նշելու ավանդույթը, գալիս է անհիշելի ժամանակներից: Այսօր համերաշխության, բարեկամության և միմյանց բարիք ցանկանալու օր է: Նոր տարվա հիմնական խորհրդանիշը գաթան է, որը թխվում է տոնին նախորդող օրը: Թխվում է մեծ գաթա, որի մեջ ուլունք է դրվում: Թխվելուց հետո այն դրվում է օջախի սրբի հանգստարանի` Ստեռի վրա: Մի ամբողջ գիշերը գաթան մնում է այդտեղ: Առավոտյան մինչև արևածագը հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, և գաթան կիսվում է ընտանիքի հոր կողմից: Սկզբում կտրվում է յոթ գլխավոր սրբերի անունով, հետո նոր միայն ընտանիքի անդամների համար: Նախօրոք դրված ուլունքը ում որ հասնում է, այդ տարվա հաջողություններն ու բարիքները կապված են լինում իր հետ: Գաթան լինում է կլոր՝ արևի նմանությամբ»,- ասաց Բ. Մուրազին: