Պակիստանի նախկին վարչապետը պետական գաղտնիք հրապարակելու համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա տեղակալներից մեկը դատապարտվել են յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկման։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել պետական գաղտնիքներ բացահայտելու մեջ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Խանը, որին 2022 թ․ ապրիլին անվստահություն էին հայտնել և հեռացրել իշխանությունից, այժմ բանտում է․ նա 3 տարով ազատազրկման է դատապարտված կոռուպցիայի գործով։
Իմրան Խանի նկատմամբ վերջին դատավճիռը տեղի է ունենում փետրվարին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Չնայած նախկին վարչապետին արգելվել է առաջադրվել այդ ընտրություններում քրեական գործով դատապարտված լինելու համար, այնուամենայնիվ, նա երկրում մնում է ազդեցիկ քաղաքական ուժ։ 2023 թ․ մայիսին Իմրան Խանի ձերբակալությունից ի վեր Պակիստանում ցույցեր են տեղի ունենում։
Ըստ վերջին մեղադրանքի՝ վարչապետի պաշտոնից հեռացվելուց հետո տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Խանը գաղտնի փաստաթուղթ է ցույց տվել՝ պնդելով, որ դա ապացույց է, որ իրեն սպառնում են, և որ իր պաշտոնանկությունը ԱՄՆ-ի կազմակերպած դավադրություն է՝ իրագործված Պակիստանի զինվորականների և կառավարության կողմից: Վաշինգտոնի և Պակիստանի պաշտոնյաները հերքել են այդ պնդումը:
Associated Press-ը նշում է, որ այդ փաստաթուղթը չի հանրայնացվել, սակայն, ակնհայտորեն, դա եղել է դիվանագիտական նամակագրություն Վաշինգտոնում Պակիստանի դեսպանի և Իսլամաբադում արտգործնախարարության միջև։
Հիշեցնենք, որ անցած տարի Իսլամաբադի դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին 3 տարվա ազատազրկման էր դատապարտել խարդախության մասին գործի շրջանակում։ Գործը կապված է «Տաշախան» պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ։
Իմրան Խանը ձերբակալվել էր 2023թ. մայիսի 9-ին Հաշվետու ազգային բյուրոյի (տնտեսական հետախուզություն) աշխատակիցների կողմից, իսկ մայիսի 10-ին Իսլամաբադի դատարանը Խանին 8 օրով կալանավորեց։ Այնուհետև Պակիստանի Գերագույն դատարանը նրա կալանքն անօրինական ճանաչեց և կարգադրեց անհապաղ ազատ արձակել նախկին վարչապետին։ Մայիսի 12-ին Իսլամաբադի դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց Խանին։
Դատավորների կոլեգիան գրավի դիմաց Խանի ազատ արձակումը սկզբում սահմանեց 2 շաբաթ` մինչև մայիսի 26-ը, այնուհետև մի քանի անգամ այն երկարացրեց։
Հիշեցնենք` 2022 թվականի հոկտեմբերին Պակիստանի ընտրական հանձնաժողովը Իմրան Խանին զրկեց խորհրդարանական մանդատից, ինչպես նաև 5 տարով երկրի դաշնային ու տարածաշրջանային օրենսդրական մարմիններում ընտրվելու և նշանակվելու իրավունքից։
Հանձնաժողովը Խանի նկատմամբ նման որոշում կայացրեց` նրան մեղավոր ճանաչելով «Տաշախանում» (Պակիստանի պետական գանձարան) պահվող 52 թանկարժեք իրերի վաճառքի, ինչպես նաև իր ստացած անձնական իրերի մասին տեղեկությունները թաքցնելու համար։
Ներկայիս վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իմրան Խանը 630 հազար դոլարից ավելի ընդհանուր արժողությամբ պետական գանձերը վաճառել է Դուբայում։