Իվանիշվիլիի ունեցվածքը մեկ ամսում ավելացել է
Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը հասել է 6,62 միլիարդ դոլարի։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ նշվում է ամերիկյան Bloomberg Billionaires Index-ում:
Դեկտեմբերի 27-ի դրությամբ Իվանիշվիլիի ունեցվածքը կազմում էր 6,5 միլիարդ դոլար։ Ըստ այդմ՝ գրեթե մեկ ամսում աճը կազմում է 120 մլն դոլար։
Bloomberg-ը գրում է, որ Իվանիշվիլին 1990-ականներին Ռուսաստանում իր հարստությունը ձեռք է բերել տարբեր բիզնեսների միջոցով, այդ թվում՝ երկաթի հանքաքար արտադրողների, պողպատի գործարանների, բանկերի և անշարժ գույքի հավաքածու կառուցելու միջոցով։ Նա վաճառել է իր ակտիվների մեծ մասը 2003-2006 թվականներին, իսկ մնացածը՝ 2012 թվականի հոկտեմբերին, նախքան Վրաստանի վարչապետ ընտրվելը։ Նա վարչապետի պաշտոնը լքել է 2013 թվականին:
Bloomberg Billionaires Index-ը Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատում է 2013 թվականից։
Ի դեպ, Վրաստանի հանրային ռեգիստրի ազգային գործակալության կայքի քաղաքական միավորումների (կուսակցությունների) ռեգիստրում հրապարակվել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ի 2023 թվականի դեկտեմբերի 30-ի յոթերորդ արտահերթ համագումարի հաստատած փոփոխությունները: Ըստ փոփոխության՝ երկրի վարչապետի թեկնածուին կառաջադրի կուսակցության պատվավոր նախագահը, այսինքն՝ Իվանիշվիլին:
Իվանիշվիլին դեկտեմբերի 30-ին «Վրացական երազանք»-ի համագումարում ընտրվել է կուսակցության պատվավոր նախագահ և հայտարարել քաղաքականություն վերադարձի մասին: