Բաժիններ՝

Ռուսաստանը Իլ-76 ինքնաթիռի կործանումը որակել է որպես ահաբեկչություն՝ դրա մեջ մեղադրելով Կիևին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող ռուսական Իլ-76 ինքնաթիռը խոցվել է ուկրաինական ուժերի կողմից, և դա անվանել է «ահաբեկչական գործողություն»։

Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Այսօր ժամը 11:15-ին Կիևի վարչակարգն ահաբեկչություն է իրականացրել, որի հետևանքով խոցվել է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը, որը թռչում էր Չկալովսկի օդանավակայան-Բելգորոդ երթուղով՝ տեղափոխելով ուկրաինացի զինվորականների՝ փոխանակման համար», – ասել է Կոնաշենկովը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը խոցել են Իլ-76 ինքնաթիռը Խարկովի մարզից՝ օգտագործելով զենիթահրթիռային համակարգ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոտեղորոշիչ համակարգերն արձանագրել են ուկրաինական երկու հրթիռների արձակում։

ՌԴ ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ անձնակազմի 6 անդամները, ուկրաինացի 65 ռազմագերիները և նրանց ուղեկցող 3 ռուս զինծառայողները, զոհվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս