Ոգևորված ենք Երևանի և Բաքվի միջև երկկողմ առարկայական շփումներից․ Տոյվո Կլաար

Լավ հանդիպումներով հագեցած երկօրյա այցը Հայաստան ավարտվեց՝ ընդգծեցի Եվրամիության շարունակական աջակցությունը համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ոգևորված ենք Երևանի և Բաքվի միջև երկկողմ առարկայական շփումներից և սպասում ենք նաև ընտրություններից հետո ամբողջապես վերսկսել շփումներն Ադրբեջանի մեր զրուցակիցների հետ»,- նշել է եվրոպացի դիվանագետը։

Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարը Երևանում հանդիպումներ էր ունեցել փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ․ վերջինի հետ հանդիպմանը քննարկվել էին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման սկզբունքներն ու իրավական հիմքերը։

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ երկօրյա այցով Երևան ժամանած Կլաարը չի մեկնելու Բաքու։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանում հիմա նախընտրական քարոզարշավի շրջան է, այդ պատճառով էլ Բաքու այցելություն այս պահին նախատեսված չէ։ Բայց ԵՄ հատուկ ներկայացուցիչը սերտ կապի մեջ է և պարբերաբար շփվում է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ», – «Ազատության»-ը փոխանցել էին Կլաարի գրասենյակից։

Օրեր առաջ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Պաշտոնական Երևանը հաղորդեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում: Սակայն Բոնոն ևս Երևանից հետո Բաքու չայցելեց։ Թե ինչու, պաշտոնապես չպարզաբանվեց։

Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են փետրվարի 7-ին։

Տեսանյութեր

Լրահոս