ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԵՄ-ի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։
Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Հայաստանի և Ռումինիայի բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության խորացման և ընդլայնման ներուժին, ինչպես նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային և հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով կայուն խաղաղության հաստատման կարևորությունը։