ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարն ստորագրել են համագործակցության հուշագիր
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևն ստորագրել են համագործակցության հուշագիր և քննարկել փոխգործակցության ծրագրերը։ Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ կայքում տարածված հաղորդագրությունը։
«Հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության հարցեր, նախանշվել են ապագայի ծրագրերը։ Ղեկավարներն ստորագրել են համագործակցության հուշագիր ՀԱՊԿ քարտուղարության և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի միջև», – գրված է հաղորդագրությունում։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ Թասմաղամբետովը Սիսոևին է հանձնել պարգև՝ ՀԱՊԿ II աստիճանի Պատվո նշան: