«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով
«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հանրային ելույթներում անդրադառնում են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հաստատման թեմային. վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև»,- այս մասին այսօր մեծ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ հայտարարությունում, որը ստորագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ կանգնեցնելով պատերազմը, ասված է, որ կապաշրջափակվեն բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղություններով, և այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները։
Նա նշեց, որ որևէ տրամաբանություն չնկատեց Փաշինյանի այն հայտարարությունում, որ ՀՀ-ով անցնող երթուղին պետք է լինի այնպիսին, ինչպես իրանական երթուղին։ Ըստ նրա՝ դրանք համեմատելը տեղին չէ։