Բաժիններ՝

Միասնական քննությանը հեռախոս ունեցողները գուցե չկարողանան 2–րդ անգամ քննություն հանձնել

Հունվարի 20-ին մեկնարկող՝ բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին մասնակցող այն դիմորդները, որոնց մոտ հեռախոս կլինի, կհեռացվեն քննությունից և հնարավոր է՝ զրկվեն ամռանը երկրորդ անգամ քննություն հանձնելու հնարավորությունից։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին կանցկացվի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը։ Հունվարի 21-ին նախատեսված են «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից քննությունները, իսկ փետրվարի 3-ին կկայանա «Մաթեմատիկայի», իսկ փետրվարի 4-ին` «Կենսաբանություն» և «Ռուսերեն» առարկաների քննությունները։

Նասիբյանի փոխանցմամբ՝ այժմ քննարկում են այն տարբերակը, որ հեռախոս հայտնաբերելու դեպքում տվյալ դիմորդին զրկեն ամռանն անցկացվող քննությանը մասնակցելուց։

«Երբ հեռախոս ունեցող դիմորդին հեռացնում են քննությունից, տպավորություն է, որ իրենց համար ոչինչ տեղի չի ունեցել, մի բան էլ շնորհակալ են լինում, թողնում- դուրս են գալիս։

Իրենք գիտեն, որ հունիսին նորից իրավունք ունեն մասնակցելու քննությանը, և հունվարին ուղղակի չեն գնահատվի»,- ասաց Նասիբյանը։

Նա ընդգծեց, որ գործընթացն ավելի խիստ մոտեցում է պահանջում։ Փորձը ցույց է տալիս, որ հունվարին ավելի շատ են հեռախոսներ հայտնաբերում, քանի հունիսին։

Միաժամանակ Նասիբյանը հայտնեց, որ բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին կմասնակցի 9672 դիմորդ մոտ 22.000 շրջանավարտից։
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում միասնական քննություններին մասնակցել է 11.800 դիմորդ։

Միասնական քննությունների համար նախապատրաստել են 43 քննական կենտրոն, որոնք տեղակայված կլինեն Երևանում և մարզկենտրոններում։

Միայն Սյունիքի մարզում տեղակայված կլինի 2 քննական կենտրոն։ Գորիսում կենտրոն կկազմակերպվի Սիսիանի և Գորիսի շրջանավարտների համար, իսկ Կապանում` Մեղրիի և Կապանի շրջանավարտների համար։

Քննական պրոցեսում ներգրավված են մոտ 400 մասնագետներ, ովքեր կազմակերպում են քննությունները ։ Նրանք վաղն արդեն իսկ մարզեր կգործուղվեն Երևանից։

Տեսանյութեր

Լրահոս