Շտապօգնության բժշկին 3 անձ ծեծի է ենթարկել. Կոստանյանը մանրամասներ է ներկայացրել
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մանրամասներ է ներկայացրել շտապօգնության բժշկին ծեծի ենթարկելու դեպքից։ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41-ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։
«Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։
Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով, որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»,-գրել է Կոստանյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ակնկալում է իրավաչափ գնահատական։
«Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։
Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ավանեսյանը։