Հուսիները կշարունակեն գրոհել Կարմիր ծովի նավերը․ «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ
Հուսիները կշարունակեն գրոհել Կարմիր ծովի նավերը՝ չնայած Եմենում գրոհայինների դիրքերին ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածներին։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը։
Սալամը Եմենի ուղղությամբ հարվածներն անվանել է «չարդարացված ամերիկա-բրիտանական ագրեսիա», որի նպատակն է «դադարեցնել Եմենի գործողությունները Գազայի հատվածին աջակցելու համար»:
«Անսար Ալլահ»-ի ներկայացուցչի խոսքով՝ Կարմիր ծովում հուսիների հարձակումներն ուղղված են եղել միայն նավերի վրա, որոնք կամ պատկանում են Իսրայելին, կամ ուղղվում են «գրավյալ տարածքների նավահանգիստներ»:
«Կարմիր և Արաբական ծովերում միջազգային նավագնացության համար ոչ մի սպառնալիք չի եղել։ Նրանք հիմարություն են արել՝ իրականացնելով այս դավաճանական ագրեսիան, և սխալվում են, եթե կարծում են, որ մեզ հետ կկանգնեցնեն Պաղեստինին և Գազային աջակցելուց»,- պնդել է նա։