Մեծ Բրիտանիան մեկ տարում 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն կհատկացնի Կիևին
Մեծ Բրիտանիան 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից առաջ վարչապետ Ռիշի Սունակը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային 2024-2025 թվականներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Դաունինգ Սթրիթը պարզաբանել է, որ Ռիշի Սունակը կայցելի Կիև, որտեղ Զելենսկիի հետ կստորագրի Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրը: Այն նախատեսում է Կիևին աջակցելու միջոցառումներ, ներառյալ հետախուզական տվյալների փոխանակումը, բժշկական և ռազմական պատրաստությունը, ինչպես նաև համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում:
Փաստաթղթում ասվում է, որ հատկացվելիք գումարից առնվազն 200 միլիոն ֆունտը կօգտագործվի Ուկրաինայի համար հետախուզական և հարվածային անօդաչուների հրատապ գնման և արտադրության համար։
Բացի այդ, օգնությունը կներառի մեծ հեռահարության հրթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանային արկեր։
Կիև այցի ընթացքում Սունակը կհայտարարի լրացուցիչ 18 միլիոն ֆունտ ստեռլինգ օգնության մասին, որից 8 միլիոնը կուղղվի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի ամրապնդմանը։ Գումարի մյուս մասը նախատեսված է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի կողմից հակամարտության գոտի մարդասիրական օգնության մատակարարումներին աջակցության համար։