Ֆինլանդացի երաժիշտները պահանջել են արգելել Իսրայելի մասնակցությունը Եվրատեսիլին
Ֆինլանդացի երաժիշտները ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի Իսրայելը բացառվի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի մասնակից երկրների ցուցակից` Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։
Փաստաթուղթը Instagram-ի իր էջում հրապարակել է ստորագրահավաքի հեղինակներից մեկը` ակտիվիստ Լուկաս Կորպելայնեն:
Ֆինլանդացի ավելի քան 1400 արտիստներ և երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ իրենց ստորագրություններն են դրել կոչի տակ։
Երաժիշտները կարծում են, որ եթե Եվրոպայի հեռարձակողների միությունը հրաժարվի բացառել Իսրայելի մասնակցությունը, ապա Ֆինլանդիայի պետական հեռարձակողը պետք է հետ կանչի իր մրցակցին և բոյկոտի մրցույթը։
Երաժիշտները պլանավորում են ստորագրահավաքն անցկացնել մինչև հունվարի 15-ը, այնուհետև այն կհանձնեն Ֆինլանդիայի պետական հեռարձակողին:
Եվրատեսիլն այս տարի անցկացվելու է Շվեդիայի Մալմյո քաղաքում։