«Ազատ դեմոկրատները» դեռ քննարկում է
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռևս չի որոշել մայիսի 5-ի ավագանու ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: Կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը 168.am-ին տեղեկացրեց, որ կուսակցությունում քննարկումները շարունակվում են և մինչև օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ մարտի 21-ը, կուսակցությունը հայտարարություն կանի:
Հարցին, թե կուսակցությունում հակվա՞ծ են մասնակցել ընտրություններին, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Հակվածություն կա ամեն ինչի, քննարկումները կավարտվեն, կտեղեկացնենք: Որոշում չկա»,- ասաց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին, թե հնարավոր է՝ «Ազատ դեմոկրատները» առաջիկա ընտրություններին մասնակցի Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատության» հետ: Հրանտ Բագրատյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, թե չի ցանկանում խոսել առաջիկա ընտրությունների մասին: Կմասնակցի՞ առհասարակ «Ազատությունը» ավագանու ընտրություններին, թե՞ ոչ, ևս հայտնի չէ: «Հայտարարություն կլինի այդ մասին, կիմանաք»,- 168.am-ին ասաց Հրանտ Բագրատյանը: