Բաժիններ՝

ԵԽ ֆինլանդացի պատգամավորը ստորագրահավաք է սկսել Հունգարիային Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից զրկելու հարցով

Եվրախորհրդարանի ֆինլանդացի պատգամավոր Պետրի Սարվաման ստորագրահավաք է սկսել, որի հաջողության դեպքում Հունգարիան կզրկվի Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Սարվաման նամակով դիմել է ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ պահանջելով առանց հապաղելու միջոցներ ձեռնարկել ԵՄ կանոնակարգի 89 (1) կանոնի համաձայն քվեարկության դնել առաջարկը, որը կոչ է անում հանձնաժողովին եւ անդամ պետություններին առաջարկություն ներկայացնել՝ Հունգարիայի դեմ ԵՄ պայմանագրի 7 (2) հոդվածով ընթացակարգ սկսելու վերաբերյալ։

Նամակում մասնավորապես նշված է, որ 7-րդ հոդվածի համաձայն՝ գործընթացի մեկնարկն առաջին քայլն է պարզելու համար, թե արդյոք ԵՄ արժեքների լուրջ եւ կրկնվող խախտումներ առկա՞ են, թե՞ ոչ։ Խախտումները բացահայտելուց եւ հաստատելուց հետո անդամ պետությունները հնարավորություն ունեն կիրառել ԵՄ պայմանագրի 7 (3) հոդվածը, որը կարող է հանգեցնել Հունգարիայի անդամակցության կոնկրետ իրավունքների կասեցմանը, ներառյալ՝ Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից զրկելուն։

«Մենք կարծում ենք, որ այս գործընթացն անհրաժեշտ է ԵՄ պայմանագրում ամրագրված արժեքները պաշտպանելու համար։ Հունգարիան բազմիցս քննադատվել է օրենքի գերակայությունը խախտելու համար։ Մեր հիմնական խնդիրն է պաշտպանել եվրոպական կենսակերպն ու ժողովրդավարությունը», – ասված է ԵԽ նախագահին ուղղված նամակում։

Ստորագրահավաքի մասնակից եվրոխորհրդարանականները համոզված են, որ Հունգարիայի դեմ ԵՄ պայմանագրի 7 (2) հոդվածով ընթացակարգը սկսելը հստակ ուղերձ կլինի Հունգարիային, որ իր գործողություններն անընդունելի են, ինչպես նաեւ ուղերձ կլինի մյուս անդամ պետություններին, որ ԵՄ-ն չի հանդուրժի օրենքի գերակայության հետընթացը կամ անկեղծ համագործակցության սկզբունքի խախտումը։

Եվրախորհրդարանականի գրասենյակից «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին, որ այս պահի դրությամբ ստորագրահավաքին իրենց աջակցությունն են հայտնել երեք տասնյակից ավել պատգամավորներ՝ վստահություն հայտնելով, որ այդ թիվը մինչև ուրբաթ աճելու է։

Այնուհետեւ նամակը կուղարկվի Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս