Հունվարի 1-ից Ճապոնիայում ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել
Ճապոնիայի արևմտյան ափին` Իսիկավայի պրեֆեկտուրայի շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած մի շարք ուժեղ երկրաշարժերից հետո ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է գրանցվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի օդերևութաբանական վարչության հաղորդած տվյալները:
Հունվարի 5-ի կեսօրի դրությամբ, ըստ Ճապոնիայում ընդունված 7-բալանոց սանդղակի, ավելի քան 1 բալ ուժգնությամբ 819 երկրաշարժ է տեղի ունեցել Նոտո թերակղզու շրջանում: Դրանցից 274-ը տեղի է ունեցել առաջին օրը, 305-ը՝ հունվարի 2-ին, 135-ը՝ հունվարի 3-ին, 65-ը՝ հունվարի 4-ին, 40-ը՝ հունվարի 5-ի առաջին կեսին:
2024 թ. առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավայի պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու շրջանում ժամը 16.06-ից տեղի են ունեցել մի շարք հզոր երկրաշարժեր, որոնցից ամենաուժգինը՝ 7,6 մագնիտուդով։ Երկրաշարժերի պատճառով ցունամիի սպառնալիք է հայտարարվել երկրի ամբողջ արևմտյան ափին`հյուսիսից մինչև հարավ։
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 94-ի, 464 մարդ վիրավորվել է։ 16 մարդ պաշտոնապես համարվում է անհետ կորած։
Երկրաշարժից տուժած երեք պրեֆեկտուրաներում՝ Իսիկավայում, Տոյամայում և Նիիգատայում, 89 000 տնային տնտեսություններ մնում են առանց ջրի։ Ավելի քան 30 000 տնային տնտեսություններ չունեն էլեկտրականություն: Իսիկավայի պրեֆեկտուրայում բացվել է 370 տարհանման կետ, տարհանվածների թիվը գերազանցում է 33 000-ը։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ։
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 4,74 մլրդ իեն (32,5 մլն դոլար) հատկացնել հունվարի 1-ի երկրաշարժերից տուժած շրջաններին օգնելու համար։