2023 թվականին 803 կմ ճանապարհի ասֆալտապատում կամ սալարկում է իրականացվել. ՏԿԵ նախարար

2023 թվականին Հայաստանում 803 կմ ճանապարհի ասֆալտապատում կամ սալարկում է իրականացվել։ Դեկտեմբերի 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2023 թվականին իրականացրած սուբվենցիոն ծրագրերով կատարողականը կազմել է 136,7 տոկոս:

«Այսինքն` այս ծրագրերով պլանավորածից շատ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել։ Նախատեսված 22 մլրդ դրամի փոխարեն ծախսել ենք ավելի քան 30 մլրդ դրամ։ Իհարկե, սա արվել է վերաբաշխումների արդյունքում»,-նշեց ՏԿԵ նախարարը։

Նրա խոսքով` ճանապարհաշինության առումով էլ ցուցանիշները գոհացուցիչ են, հիմնանորոգման արդյունքում կատարողականը 132 տոկոս է: Պլանավորված է եղել ծախսել 45 մլրդ դրամ, բայց ծախսվել է 59.7 մլրդ դրամ։ Միջին նորոգումներով ևս լավ պատկեր ունեն:

«Մենք ունենք 556 կմ ճանապարհաշինական աշխատանքներ, դրանից 55-ը դեռ ավարտված չէ, տեղադրված է ներքին շերտը: 501 կմ-ն ամբողջովին ավարտված է, կահավորված, և հանձնվել է շահագործման: Այդ 501-ի ցանկը մոտ օրերս կհրապարակենք: Այն հատվածներում, որտեղ նախանշված է 2-3 շերտ, երբ նոյեմբերի վերջին տեսել ենք, որ եղանակային պայմանները կարող են խնդիր ստեղծել, շինարարներին ասել ենք դադարեցնել ասֆալտապատման աշխատանքները, որպեսզի որակը չտուժի: Այդ աշխատանքները գարնանը կշարունակվեն»,-ասաց նախարարը:

Գնել Սանոսյանն ընդգծեց, որ եթե սուբվենցիոն ծրագրերն էլ գումարեն, ապա 2023 թվականին 803 կմ ճանապարհի ասֆալտապատում կամ սալարկում է իրականացվել։

Տեսանյութեր

Լրահոս