Բաժիններ՝

ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովում խոցել են մեկ անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության USS Mason էսկադրային ականակիրն անօդաչու թռչող սարք և հականավային հրթիռ է խոցել Կարմիր ծովի հարավային մասում։ Ինչպես հայտնում են ամերիկացի զինվորականները, անօդաչու թռչող սարքը և հրթիռն արձակել են եմենցի հութի խռովարարները: Այդ մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ։

«USS Mason էսկադրային ականակիրը Կարմիր ծովի հարավային մասում խոցել է մեկ անօդաչու թռչող սարք և մեկ հականավային բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են հութիների կողմից դեկտեմբերի 28-ին Սանայի ժամանակով 17:45-ի և 18:10-ի միջև ընկած ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այդ շրջանում գտնվող նավերից ոչ մեկը չի վնասվել:

Գազայի հատվածում իսրայելական գործողության սկսվելուց հետո հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասցնելու Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում չդադարեցվեն: Ի պատասխան ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Կարմիր ծովում Prosperity Guardian գործողություն սկսելու մտադրության մասին՝ նավագնացության ազատության և նավերի պաշտպանության ապահովման համար։ Բացի ԱՄՆ-ից, գործողության մասնակիցների թվում կլինեն Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սեյշելյան կղզիները և Ֆրանսիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս