ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող արցախցի 935 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի նաև արցախցի այն ուսանողների ուսման վարձը, որոնք մինչև սեպտեմբերի 19-ը եղել են ու շարունակում են լինել ՀՀ բուհերի ուսանող։ Այդ մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք երկու խումբ ուսանողներ ունեինք, որոնց վարձավճարներն արել են կա՛մ ծնողները, կա՛մ ԼՂ իշխանությունները, որոնց ֆինանսավորումը հայտնի պատճառներով դադարեցվել է։ Այս ուսանողների դեպքում կրթության իրավունքի վերականգնման խնդիր մենք չունենք, սակայն ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր»,– ընդգծեց նախարարը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է շուրջ 935 ուսանողի, որոնցից 860–ը բուհական համակարգում են սովորում, 75–ը` միջին մասնագիտական կրթության ուսուցման համակարգում։

«Նրանք այն ուսանողներն են, որոնք ՀՀ կառավարության նախորդ որոշումներից դուրս էին մնացել, քանի որ նախորդ որոշումները վերաբերում էին այն ուսանողներին, որոնք ԼՂ բուհերի ուսանողներն էին ու կրթության շարունակության խնդիր ունեին»,– ասաց Անդրեասյանը։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցելու է առաջին կիսամյակի ուսման վարձը` մոտ 264 մլն դրամ։ Այս գումարը նվիրաբերության պայմանագրերով հատկացվելու է համապատասխան ուսումնական կրթական հաստատություններին։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշեց, որ կան ուսանողներ, որոնք արդեն իսկ կատարել են վճարումները, նրանք պետք է բուհերից պահանջեն վերադարձել այդ գումարը։

Տեսանյութեր

Լրահոս