Բաժիններ՝

Հայաստանի պարի պետական անսամբլը 65-ամյակը կտոնի հոբելյանական համերգով

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը, ինչի առթիվ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը դեկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպի հոբելյանին նվիրված համերգային երեկո։

Կներկայացվեն 65 տարվա լավագույն բեմադրությունները: Նոր ստեղծագործական մոտեցում, նոր ձեռագիր բեմում, անդրադարձ հնին. կկատարվեն լավագույն համարները՝ պատմություն դարձած «Բերդ»-ը, «Սարդարապատ»-ը, «Էնզելի»-ն, «Կակաչներ»-ը։

Կարմիր գորգ, լուսային և ձայնային նոր էֆեկտներ, ժամանակակից մոտեցում, նոր պաստառներ. սպասվում է մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված լեգենդար դարձած անսամբլի երկարամյա ընթացքին։ Սպասվում է դինամիկ և արդի համերգային ծրագրիր:

Համերգային տոնի ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանն է, երաժշտական մասի ղեկավարը՝ Հայկ Գրիգորյանը, բալետմայստեր՝ Աննա Քալաշյան, գլխավոր բալետմայստեր՝ Ասատուր Քալաշյան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 28 միլիոն դրամ է հատկացրել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնին՝ Հայաստանի պարի պետական անսամբլի համար բեմական հագուստներ և աքսեսուարներ ձեռք բերելու նպատակով: Այդ հագուստներն առաջին անգամ կցուցադրվեն հենց հոբելյանական երեկոյի ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս