Նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի այցն Ազատության հրապարակ

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին վրան տեղադրելու թույլտվությունն իրականում շատ խորհրդանշական էր: Ընդհանուր առմամբ, այդ գործընթացը սկսվեց Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին կատարած քաղաքավարական այցով: Թե ինչի մասին էին իրականում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վլադիմիր Գասպարյանը, որևէ մեկին հայտնի չէ: Թերևս, բացի Սերժ Սարգսյանից: Քանի որ Վլադիմիր Գասպարյանը «Ժառանգության» առաջնորդին էր այցելել ոչ թե՝ որպես հանրային գործիչ, այլ՝ որպես Ոստիկանապետ, ով ի պաշտոնե չէր կարող իր վերադասին չզեկուցել այդ կարևոր հանդիպման արդյունքների մասին: Իսկ արդյունքներն, ըստ ամենայնի, գոհացուցիչ են եղել: Եթե ոչ՝ գոհացուցիչ, ապա առնվազն` կառուցողական: Այսինքն` մեծ հավանականությամբ, Վլադիմիր Գասպարյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի զրույցն ընթացել է բանակցային ժանրի կանոններով, ու «Ժառանգության» առաջնորդը, թերևս, Ոստիկանապետի հետ զրույցում չի կրկնել «ապրիլի 9-ը՝ միայն իմ դիակի վրայով» արտահայտությունը: Իհարկե, Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպումից հետո, երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկեց այդ հայտարարություն-սպառնալիքը: Բայց դա էլ, հասկանալիորեն, պահանջում են  հանրահավաքային ժանրի կանոնները:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա գիշերային այցը Րաֆֆի Հովհաննիսյանին, նրանց մտերմիկ զրույցը «VIP սալոնում», ապա՝ նաև Հովիկ Աբրահամյանի` իր առաքելությունը կատարած մարդու տպավորություն թողնող բարձր տրամադրությունը, ստիպում են առնվազն ենթադրել, որ Վլադիմիր Գասպարյանի այցելությամբ մեկնարկած Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հաղորդակցության գործընթացը որոշակի արդյունքներ է տալիս: Իսկ դրա տրամաբանական շարունակությունը պետք է և կարող է լինել միայն  Սերժ Սարգսյանի այցելությունը Րաֆֆի Հովհաննիսյանին: Համենայնդեպս, դա է հուշում քաղաքական-արարողակարգային տրամաբանությունը:
Վլադիմիր Գասպարյանն ուժային համակարգերից մեկի ղեկավարն է, որն անմիջական դերակատարում է ունեցել ընտրական գործընթացում: Բացի այդ, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, նա  համարվում է Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի վստահելի ներկայացուցիչներից մեկը: Հովիկ Աբրահամյանը, ինչպես ինքն ավելորդ չհամարեց հիշեցնել Րաֆֆիի հետ հանդիպումից հետո, Սահմանադրությամբ պետության երկրորդ դեմքն է, բացի այդ` նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը: Այսինքն` այս պաշտոնյաների մակարդակով այցելություններով իշխանությունն, ըստ էության, ճանաչում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի լեգիտիմությունը և հաշվի է նստում նրա հետ: Եթե այս ամենին գումարենք նաև Սերժ Սարգսյանի կողմից` Րաֆֆի Հովհաննիսյանին հղված ու մերժման արժանացած հանդիպման հրավերը, պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը նախ՝ Րաֆֆիին հրավիրում է հանդիպման և մերժվում  է: Նման դեպքերում կամ հետևում է կոշտ արձագանք, կամ հանդիպումն այլընտրանքային եղանակով կազմակերպելու փորձ, որի հնարավորությունն իր մերժման տեքստում տվեց անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին հրավիրելով Ազատության հրապարակ: Ուրեմն, եթե Սերժ Սարգսյանն անձամբ կամ ենթակաների միջոցով կոպիտ պատասխանի չի արժանացնում Րաֆֆի Հովհաննիսյանի մերժումը, նշանակում է՝ նա դեռևս շարունակում է հանդիպման եղանակներ փնտրել: Արդյունքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելում են Վլադիմիր Գասպարյանը, ապա՝ նաև Հովիկ Աբրահամյանը:
Այդքանից հետո, կրկնում ենք, քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ առաջիկայում Ազատության հրապարակ պետք է այցելի նաև Սերժ Սարգսյանը: Բնականաբար, ավելի կոնկրետ նպատակով և հանդիպումից հետո կոնկրետ արդյունք արձանագրելու երաշխիքով: Այլապես կստացվի, որ իշխանությանը «պատերազմ հայտարարած» Րաֆֆի Հովհաննիսյանը նստել է Ազատության հրապարակում ու հերթով ընդունում է բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին այնպես, ինչպես նախագահն է նրանց ընդունում Նախագահական նստավայրում:

Տեսանյութեր

Լրահոս