«Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին».ստորագրահավաք Ազատության հրապարակում (տեսանյութ)
Այսօր ժամը 15-ից Երևանի Ազատության հրապարակում, որտեղ շարունակում է հացադուլ անել ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան, մեկնարկել է ստորագրահավաք` «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո։
Այս մասին ավելի ուշ հրավիրված հանրահավաքում հայտարարեց նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` ընթերցելով հայտարարության տեքստը.
«Ես՝ ՀՀ քաղաքացիս, ողջունում եմ ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման և համազգային մեր վերածննդի։ Ես պատրաստ եմ անմնացորդ զորակցելու Հովհաննիսյանին՝ իր և մեր նվիրական պայքարում, ինչպես նաև մասնակցելու ս.թ. ապրիլի 9-ին տեղի ունենալիք նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»։ Հենց այս հայտարարության տակ են այսօր ստորագրել հարյուրավոր քաղաքացիներ: Նշենք, որ մի քանի ժամ շարունակ ստորագրահավաքի վայրում հերթ էր գոյացել:
Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում չբացառեց, որ ստորագրահավաք կարող է սկսվել նաև Հայաստանի մարզերում: