Ի՞նչ արժեքներով է առաջնորդվում «Դինո գոլդը»
Երեկ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության գիշերային հերթափոխի աշխատակիցները չէին ընդունում հերթափոխը: Բողոքի պատճառներից մեկն ընկերության կողմից փետրվար ամսվա հավելավճարային աշխատավարձը չստանալն էր, ինչպես նաև աշխատակից Արմեն Խուրշուդյանին աշխատանքից ազատելը:
Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց աշխատակիցների` գործադուլ հայտարարելու հանգամանքը: «Գործադուլ` որպես այդպիսին, չի եղել, իսկ Ձեր ասած հավելավճարների մասին բոլոր հորատողներն էլ տեղյակ են, որ մենք ունենք, այսպես կոչված` պլան, որ ամսական 45.000 տոննա հանքաքար պետք է տայինք, որպեսզի ստանային իրենց հավելավճարը` բոնուսը, քանի որ չեն տվել դա, այլ տվել են 35.000 տոննա, հետևաբար՝ բոնուս չեն ստացել: Հավելավճարի մասին խոսք լինել չէր կարող»,- ասաց Գ. Թադևոսյանը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ ազատեցին բողոքի ակցիայի կազմակերպչին` Արմեն Խուրշուդյանին, Գ. Թադևոսյանը պատասխանեց. «Նախ` ես չեմ կարող ասել, որ այդպես է եղել, համենայնդեպս, ընկերությունն ունի որոշակի արժեքներ, ու մենք բոլորս աշխատելով` ապրում ենք այդ արժեքներով, հետևաբար` եթե ինչ-որ բան խոչընդոտվել է, կամ խանգարվել է մեր գործունեության ընթացքը, եթե ինքը խրախուսել կամ աջակցել է, որ մենք նման ձևով, ենթադրենք, աշխատաժամանակի կորուստ ունենանք, չաշխատենք, և նաև կան այլ պատճառներ»:
Իսկ հարցին, թե ո՞րն է այդ որոշման հիմքը, Գ. Թադևոսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չգիտեմ որոշման հիմքը, բայց, համենայնդեպս, ես արդեն ասացի, երևի աջակից լինելու ընկերության գործունեությունը ծավալելու, և, միևնույն ժամանակ, հավանաբար, նա չի համապատասխանում մեր հիմնարկի արժեքներին»:
Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի խոսքով` հորատողները կատարել են իրենց առջև դրված պլանը` 45.000 տոննա հանքաքարի արդյունահանումը, ավելին` նույնիսկ գերակատարել են, սակայն տեխնիկայի խափանված լինելու պատճառով հանքաքարի տեղափոխումը չի ապահովվել:
«Ես կարծում եմ, որ ճգնաժամի պատճառն ընկերության ղեկավարության կողմից տեղաբնակների մտածելակերպին ոչ համապատասխան կանոնակարգեր սահմանելն է` աշխատողներին խրախուսման և տուժանքի մեթոդների ոչ ճիշտ կիրառումը: Հավաքական, խմբային աշխատաոճը խորթ է հայերիս համար, մեզ մոտ առավել ընդգծված և արդյունավետ է անհատական աշխատաոճը, անհատական մոտեցումը: Ես հասկանում եմ, որ ընկերության ղեկավարությանը հետաքրքրում է միայն վերջնական արդյունքը, բայց ուժեղ օղակին զրկանքների ենթարկելով՝ հնարավոր չէ վերացնել թույլ օղակը, այն միայն հիասթափություն կառաջացնի բարեխիղճ աշխատողների շրջանում: Ինձ համար ուշագրավ է այն, որ չնայած ընկերության նախկին ղեկավարության հետ հաճախակի ընդհարումներին՝ կան աշխատողներ, որոնք գերադասում են նախկին ղեկավարությանը` ներկայիս ղեկավարությունից: Աշխատանքից ազատված նախկին աշխատողների հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, քանի որ այս պահի դրությամբ ինձ հայտնի է միայն ընկերության ղեկավարության դիրքորոշումը»,- ասաց Ա. Փարսադանյանը: