Բաժիններ՝

ԱՄՆ սենատի հանձնաժողովը հավանության է արժանացրել գրոհիչ զենքի վաճառքն արգելող օրինագիծը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի իրավական հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել գրոհիչ զենքի վաճառքն արգելող օրինագիծը: Դրա օգտին է քվեարկել 10 սենատոր, իսկ դեմ՝ 8-ը:

Փաստաթուղթը պատրաստվել է դեմոկրատ սենատոր Դայեն Ֆայնսթայնի կողմից, ինչին նախորդել էր 2012 թվականի դեկտեմբերին «Սենդի Հուկ» դպրոցում իրականացված զանգվային սպանությունը:

Այն ժամանակ տեղաբնակ Ադամ Լենզան կրակ էր բացել մի զենքից, որի օրինական իրավունքները պատկանել են նրա մորը: Դրա հետևանքով զոհվել էր 20 անչափահաս և 6 չափահաս, ինչից հետո հրաձիգը վերջ էր տվել իր կյանքին:

Ֆայնսթայնի ներկայացրած օրինագծով նախատեսվում է արգելել զենքի 157 մոդելների, այդ թվում նաև Լենզայի կիրառած AR-15 կիսավտոմատ հրացանի վաճառքը: Օրինագծով արգելվում են նաև ավելի քան 10 լիցք ունեցող հրացանների փամփշտատուփերը: Փաստաթղթի տեքստում նշված է, որ արգելքը չի տարածվում մարզական ու որսորդական զենքի 2258 մոդելի վրա:

ԱՄՆ-ում գրոհիչ զենքի վաճառքն արգելված է եղել 1994-2004 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս