Բագրատյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞, թե՞ ոչ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազատության հրապարակ «զորակցական այցով» Րաֆֆի Հովհաննիսյանին տեսակցելու էր եկել նախագահի նախկին թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ որոշում՝ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ Հ. Բագրատյանը նշեց. «Այսօր կամ վաղը վերջնական կորոշենք»:

Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց, որ այսօր կուսակցության վարչությունը քննարկումներ կունենա, այդ թվում՝ ավագանու ընտրությունների հարցի շուրջ, և դրա համար ինքն անձամբ չի մասնակցի Ազատության հրապարակում ժամը 5-ին սպասվող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին:

Հարցին, թե եղե՞լ են առաջարկներ՝ միասնական ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Միասնական ցուցակով մասնակցելու տարբեր առաջարկներ կան, բայց այս պահի դրութամբ չեմ կարողանում մտաբերել: Քաղաքական տարբեր ուժերի կողմից առաջարկներ  կան, բայց դեռ վերջնական որոշում չունեմ»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջարկ եղե՞լ է, նա պատասխանեց կարճ. «Քննարկման ֆորմատով եղել է, այո»:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Հրանտ Բագրատյանը ցանկություն ունի իր առանցքի շուրջ համախմբել կուսակցությունների ու միասնական ցուցակով հանդես գալ ավագանու ընտրություններին, Հ. Բագրատյանը նախ՝ զարմացավ, հետո պատասխանեց. «Առաջին անգամ եմ լսում»:

Նախկին թեկնածուն ավելացրեց, որ եթե «ամեն ինչ համաձայնեցվի, սցենարը ստացվի», ինքը կմասնակցի ավագանու ընտրություններին, եթե ոչ՝ չի մասնակցի:

Սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեսակետներին ի պատասխան, ըստ որոնց՝ Բագրատյանը պասիվ է, չի մասնակցում քաղաքական անցուդարձին, վերջինս արձագանքեց. «Ես պարզապես քաղաքում չէի, գնացել էի: Գիտեք, որ դասավանդում եմ արտասահմանում, այդ գործերով էի զբաղված»:

Տեսանյութեր

Լրահոս