Արման Մելիքյան. Հացադուլը համարում եմ քաղաքական հուսալքության դրսևորում

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը չի այցելել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նման քայլ Արման Մելիքյանը չի պատրաստվում անել նաև առաջիկայում:

168.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ եք արդյոք այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, Արման Մելիքյանը պատասխանեց. «Ի՞նչ առիթ կա, որ այցելեմ»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելում են նաև ոչ նրա համակիրները, Արման Մելիքյանը պատասխանեց. «Հացադուլը մի տեսակ քաղաքական նորաձևություն է դարձել: Անկեղծ ասած, հացադուլի կապակցությամբ որևէ մեկին ողջունելու խնդիր չեմ տեսնում: Հացադուլը համարում եմ քաղաքական հուսալքության դրսևորում, իսկ դա չեմ աջակցում»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ այցելեցիք նախընտրական քարոզչության ընթացքում հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, Արման Մելիքյանը պատասխանեց, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս զրկված էր տեղաշարժի հնարավորությունից, ինքն անձամբ գնացել է նրա մոտ՝ տանելով ընտրությունների վերաբերյալ իր հայտարարությունը:

Կարդացեք նաև

«Րաֆֆի Հովհաննիսյանին բան չունեմ փոխանցելու: Ընտրություններին վերաբերող բոլոր հայտարարությունները ես արեցի մինչև ընտրությունների օրը: Նաև պարոն Հովհաննիսյանին ուղղված հայտարարություն կար՝ կոչ էի անում առհասարակ չմտնել քվեարկության մեջ»,- նշեց Արման Մելիքյանը:

Հիշեցնենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել նախագահի նախկին թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Ինքնաբացարկ հայտարարած «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ևս այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե առաջիկայում հնարավո՞ր է՝ աջակցի Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:

«Առայժմ ես ոչ մի ծրագիր չեմ տեսել, չեմ լսել որևէ ծրագրի մասին, եթե կլինի, կարելի է քննարկել»,- ասաց Արման Մելիքյանը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից այս ընթացքում լսել է տարբեր ընթացիկ գնահատականներ, ելույթներ, բայց ոչ ձևակերպված պահանջներ:

«Քանի որ պարոն Հովհաննիսյանի գործունեությունն ի սկզբանե հակասություններով լեցուն էր, նա էլ իր  գործունեությամբ մեծապես նպաստեց, որ «ընտրություն» կոչվածը լեգիտիմացվի, հետևաբար՝ ինձ համար այդ հակասականությունը վստահություն չի ներշնչում: Հիմա այն, ինչ նա է անում, ես արդյունավետ չեմ համարում և գտնում եմ, որ հացադուլը քաղաքական հուսալքության դրսևորում է»,- ասաց Արման Մելիքանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները որակելով փակուղային:

Տեսանյութեր

Լրահոս