Չավեսի դուստրը պնդում է, որ իր հայրը մահացել է մարտի 5-ին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուգո Չավեսի դուստր Մարիա Գաբրիելան հայտարարել է, որ իր հայրը մահացել է հենց մարտի 5-ին՝ ի հակադրումն ընդդիմության առաջնորդի պնդումների:
Չավեսի դուստրը նման կերպ պատասխանել է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսին, ով նախորդ կիրակի հայտարարել էր, թե իշխանությունները նախագահ Չավեսի մահն օգտագործում են նախընտրական նպատակներով և մինչ այդ պարբերաբար ստել են նախագահի առողջական վիճակի մասին.
«Ո՞վ իմանա, թե իրականում երբ է մահացել Չավեսը: Իշխանությունները ձգտել են ժամանակ շահել, որպեսզի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն կարողանա նախապատրաստվել ընտրություններին»:
Սրանից առաջ իսպանական ABC թերթը գրել էր, որ Չավեսը մահացել է շատ ավելի վաղ, քան այդ մասին հայտարարվել է պաշտոնապես, և որ նա մահացել է ոչ թե Կարակասի հոսպիտալում, այլ՝ Կուբայի մայրաքաղաք Հավանայում, երբ վերջին անգամ նրան հապճեպ հասցրել են այնտեղ: Դրանից հետո Չավեսի դիակը գաղտնի բերվել է Կարակաս, ուր նրան հագցրել են դեսանտայինի հագուստ և պահել դիահերձարանում:
Անգամ նշվում է, որ Չավեսը դարձավ 1783 թվականին Կարակասում ծնված Սիմոն Բոլիվարի անեծքի զոհը (Թութանհամոնի անեծքի նման): Երկու տարի առաջ Չավեսի հրամանով արտաշիրմմվել էր Բոլիվարի աճյունը և հուղարկավորվել Պանթեոնում: ԶԼՄ-ների պնդմամբ՝ բոլոր նրանք, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ գործընթացին, մահացել են տարբեր հանգամանքներում (ավտովթար, հիվանդություն և այլն): Կենդանի էր մնացել միայն Չավեսը: