Սիրիայում նկատվել է քիմիական զենքի կիրառման նախապատրաստություն. Իսրայելի ռազմական հետախուզություն
Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ իսրայելական ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ավիվ Կոչավին երեկ հայտարարել է, որ իր ենթակաները հայտնաբերել են Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման նախապատրաստություն: Դրա հետ մեկտեղ գեներալն ընդգծել է, որ Դամասկոսը դեռ չի արձակել այդ զենքի օգտագործման հրամանը:
Դամասկոսի կողմից քիմիական զենքի օգտագործման նախապատրաստության մասին հաղորդումներ ստացվեցին դեռևս 2012 թվականի դեկտեմբերին, սակայն դրանք չհաստատվեցին: Կոչավին հայտարարել է, որ Բաշար Ասադի վարչակարգը գնալով ավելի ծանր զինատեսակներ է կիրառում ապստամբների ու խաղաղ բնակիչների դեմ:
Մասնավորապես, իսրայելական կողմի հաշվարկով՝ սիրիական բանակն արձակել է նվազագույնը 70 միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: Իսրայելական ռազմական հետախուզության տվյալներով՝ Իրանն ու «Հզբոլլահը» վերջին շրջանում զգալիորեն ուժեղացրել են իրենց աջակցությունը Դամասկոսին: Իրանը զենք և գումար է ուղարկում Բաշար Ասադին, իսկ լիբանանյան շիաներն ուղարկում են իրենց հատուկջոկատայիններին, որոնք մարտնչում են սիրիական բանակի կողմում:
Կոչավին ընդգծել է, որ ներկա դրությամբ ոչ պաշտոնապես Ասադի զորքերի կողմում մարտնչում են «Հզբոլլահի» հարյուրավոր լիբանանցիներ: Գեներալը հավելել է, որ Ասադի կողմում ներկայումս մարտնչում է նաև այսպես կոչված «Սիրիայի ժողովրդական բանակը», որի մեջ են մտնում զենք վերցրած քաղաքացիական անձինք:
Իսրայելցիներն այդ բանակի թվաքանակը գնահատում են 50.000 մարդ: Այդ բանակի նախապատրաստությունը հիմնականում իրականացնում են «Հզբոլլահի» հրահանգիչները, որոնց վճարում է Իրանը: