Ափսոս, որ ամեն ինչ այսպես դասավորվեց. Ալեգրի
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0։4)։
«Առաջին կես ժամում «Բարսելոնան» հիասքանչ խաղաց։ Կատալոնացիները պրեսինգի էին դիմում մեր իսկ դարպասներից սկսած։ Խփած 4 գոլերից 3-ը մեր ֆուտբոլիստների թույլ տված սխալների հետևանքով էր։ Ֆուտբոլում անգամ սանտիմետրերը կարող են որոշիչ լինել։
Կարող էինք առաջին կեսում հավասարեցնել հաշիվը, սակայն դրա փոխարեն գոլ ընդունեցինք սեփական դարպասը։ Շատ եմ ցավում։ Ափսոս, որ տղաներն այդքան ջանք գործադրեցին իրենց երազանքն իրականություն դարձնելու համար, մինչդեռ ամեն ինչ այսպես դասավորվեց։ Ես չեմ կարող մեղադրել իմ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք չհանձնվեցին ու մինչև վերջ պայքարեցին», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը