«Ինչի՞ իմ երեխեն պիտի Արցախում ծառայի» վիժվածքածին գաղափարը բերեց աղետի. Արման Աբովյան
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը համոզված է, որ «ներհասարակական համերաշխություն» ու «հաշտություն» արտահայտությունները որևէ պարագայում չեն նշանակում պարտվողականություն: Իսկ ներդաշնակության հասնելու համար, ըստ նրա, պետք է իսպառ ազատվել միմյանց նկատմամբ ատելությունից:
«Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հայկական հասարակության մեջ տարածվում է վիժվածքածին գաղափար այն մասին, թե՝ «այսինչ շրջանում ծնվածը լավն է, իսկ մյուսում ծնվածը՝ վատը, ղարաբաղցի-հայաստանցի», հիմա դնում է նաև «սյունեցի- երևանցի»… ես շատ մեղմ եմ արտահայտվում, երբ ասում եմ՝ «վիժվածքածին», որովհետև դա բերում է կոնկրետ մահերի, կոնկրետ արյան ու շատ վատ հետևանքների: Միմյանց հանդեպ ներհասարակական այս ատելությունը պետք է վերացվի իսպառ՝ բոլոր մեթոդներով»,- հայտարարեց Աբովյանը:
Նրա խոսքով՝ անթույլատրելի ու վտանգավոր է մեր ունեցած խնդիրների համար դիմացինին մեղադրելը: Այդ խնդիրը, ըստ քաղաքական վերլուծաբանի, պետք է փորձել դիտարկել ընդհանրական շահի դիտանկյունից ու փորձել միասնական պայքար մղել դրա դեմ:
«Հիշե՛ք, թե ինչպես էին «թուրքերը» թեզ գցել՝ «Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք» ձևակերպմամբ: Կամ, որ հայ հասարակության մեջ շրջանառվում էր այն արտահայտությունը, թե՝ «ինչի՞ համար իմ էրեխեն պիտի գնա Ղարաբաղ ծառայի…»: Հիմա մեր էրեխեքը վտանգված են Սյունիքում, Ջերմուկում, Երասխում, որն ընդամենը 55 կմ է հեռու Երևանից: Երբ այդ գաղափարները գցվում էին հասարակության մեջ՝ բերեցին շատ պարզ ու հասկանալի հետևանքների, որոնք հետապնդում են շատ հասկանալի մի գաղափար, որ եթե ուզում ես տիրել մի ժողովրդի, ապա պառակտիր ու ատելություն սերմանիր նրանց մեջ. «սևեր- սպիտակներ, նախկիններ-ներկաներ, ղարաբաղցիներ-հայաստանցիներ», հիմա՝ «երևանցիներ-սյունեցիներ…»»,- ասաց Աբովյանը:
Այս համատեքստում նա հիշեցրեց հատկապես հանրության մեջ պառակտում մտցնելու հերթական փորձի մասին:
«Ես երբեք չեմ մոռանա, որ երբ Արցախը բլոկադայի մեջ էր, և բլոկադայից արյունաքամ եղած Արցախը սեպտեմբերի 19-ին կատաղի կռիվ էր տալիս, ու Երևանում գտնվող արցախցի ուսանողները դուրս էին եկել փողոց և պարզապես հարց էին տալիս, ասում էին՝ մեր մամաներին-պապաներին այնտեղ սպանում են, հայե՛ր, ի՞նչ ենք մենք անելու, իսկ իշխանական լրահոսը տալիս էր՝ «ղարաբաղցի ջարդարարները դուրս են եկել փողոց»: Գիտեք՝ մոռացե՞լ ենք: Չե՛նք մոռանալու»,- շեշտեց Արման Աբովյանը:
Քաղաքական վերուծաբանի խոսքով՝ ինքն անցած տարիներին ամեն օր սարսափով է արթնացել՝ գիտակցելով տեղի ունեցող իրադարձությունների հետևանքները, իսկ դրանց մասին խոսելուց հետո արժանացել է հանրության կտրուկ արձագանքին:
«Դուրս էինք գալիս փողոց, մարդիկ ասում էին՝ «այդ ի՞նչ եք խոսում, ինչո՞ւ եք վախեցնում ժողովրդին, չի կարող այդպիսի բան լինել… ո՞նց… կմտնեն ու մարդկանց դուրս կանեն Արցախից, կմտնեն՝ գլո՞ւխ կկտրեն… այս իշխանությունը ստրատեգիկ կետերը կտա՞… »,- ասաց Արման Աբովյանը՝ հավելելով, որ այժմ մենք ոչ թե կործանման եզրին ենք, այլ քայլում ենք հենց «այդ փոսի միջով»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան